շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեր հետագա քայլերը նոր հորիզոններ կբացեն. Խուդաթյան

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեր հետագա քայլերը նոր հորիզոններ կբացեն. Խուդաթյան

Ծաղկաձորում անցկացվող «Mining Armenia Forum 2026» ֆորումի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր անդրադարձել է անքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեր հետագա քայլերը, որոնց մի մասն արդեն իսկ նախաձեռնել ենք, նոր հորիզոններ կբացեն ոլորտի առջև։  Ոլորտի առաջընթացն ապահովելու նպատակով արդեն իսկ թվային գործիքակազմ են ներդնում։ Մասնավորապես՝ տարատեսակ օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություններն առաջիկայում կտրամադրվեն միասնական թվային համակարգի միջոցով»:

Ըստ ՏԿԵ նախարարի՝ երկրաբանական ծառայության ձևավորումը կավարտվի 2027-ի վերջին։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի ոլորտը ղեկավարել մեկ միասնական կենտրոնից և հստակ պատկերացնել առկա խնդիրները։

Խուդաթյանն ասել է նաև, որ ֆորումն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը: Այս անգամ, նախարարի խոսքով, մասնակցում են շուրջ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանն իր ուրույն տեղն է զբաղեցնում միջազգային հանքարդյունաբերության քարտեզում։ Սա, ըստ ՏԿԵ նախարարի, էական ձեռքբերում է: Նա շեշտել է, որ արդյունքներն ամրապնդլեու համար պետք է հետևողական աշխատանք տանել:

Նախարարը նաև հավելել է. «Այս տարվա կարգախոսը՝ «Ռեսուրսներից դեպի հնարավորություններ», պատահական չէ։ Ընդերքօգտագործման մեջ ռեսուրսն առանցքային է, բայց ոչ վճռորոշ։ Առանց համապատասխան գիտելիքի՝ հանածոները կարող են անգամ վտանգ ներկայացնել պետության համար։ Մեր նպատակն է՝ համատեղ ուժերով ոչ միայն կառավարել այդ վտանգը, այլև այն վերածել երկարաժամկետ զարգացման հնարավորության, որպեսզի բնությանն ու կենսաբազմազանությանը վնաս չհասցվի։ Սա լուրջ մարտահրավեր է և իրական հնարավորություն»:

  • Կիսվել: