Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների նոր ալիք է սկսվել
Ֆրանսիայում սկսվել է զանգվածային անկարգությունների նոր ալիք, տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում է Փարիզում, Մարսելում և Լիոնում անցկացվող ցույցերը, որոնց մասնակիցներն իրենց հերթին քարեր և շշեր են նետում ուժայինների վրա:
Ըստ աղբյուրի՝ ցույցերին մասնակցում են աշակերտներ, ծայրահեղ ձախ ակտիվիստներ, նախկին «դեղին բաճկոնների» անդամներ, տաքսիստներ, բուժքույրեր, շինարարներ և արհմիությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մոտ 500 բողոքի ակցիայի անցկացում:
Հաղորդվում է նաև, որ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան՝ կոտրելով մուտքի դուռը և ավերել քաղաքային ոստիկանության տեղամասերից մեկը: Փարիզում բախումներ են սկսվել Հանրապետության հրապարակում. արդեն ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։
Նշենք, որ Ֆրանսիայի ուժային կառույցները բազմիցս մեղադրվել են ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դրվագներից մեկում ոստիկանական ռետինե գնդակի արձակման հետևանքով 15-ամյա դպրոցականը զրկվել է աչքից։ Մեկ այլ դեպքում 14-ամյա պատանին կորցրել է ձեռքը՝ գետնից բարձրացնելով լուսաձայնային նռնակ: Երկու միջադեպերի հանգամանքները շարունակում են քննվել, իսկ դրանցից հետո դադարեցվել է լուսաձայնային նռնակների որոշակի տեսակների կիրառումը։



