երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ստեփանավանում և Աշոցքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն

Ստեփանավանում և Աշոցքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցք համայնքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
«Աշոտաբերդում (թաղամաս Ստեփանավանում) նախագծային աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Մենք ընդունել ենք նախագծերը, շտկումներ ենք արել, 2 օրվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն», - ասաց նա։
 
Ղուլարյանը տեղեկացրեց, որ այդ թաղամասում նախկինում 24 շենք է եղել, այժմ 15 շենք կկառուցվի։ Նախագիծը, որի արժեքը մոտ 6,4 մլրդ դրամ է, կավարտվի մինչև 2025 թվականը։
«2023 թվականի բյուջեում այս նախագծնին 600 մլն դրամ է հատկացվել։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո անմիջապես կհայտարարվի շինարարության մրցույթ։ Պայմանագիրը կկնքենք ու կսկսենք աշխատանքները։,– նշեց նա։
Ինչ վերաբերում է Աշոցքին, ապա կոմիտեի նախագահը նշեց, որ մրցույթն արդեն հայտարարվել է, պայմանագիրն էլ` կնքվել։
 
«2023 թվականին բյուջեից գումար կխնդրենք և այդ թաղամասը նույնպես կկառուցենք։ Նախագիծը գնահատվում է 4,2 մլրդ դրամ», - ասաց Ղուլարյանը։
Պաշտոնյանի խոսքով` այժմ Սպիտակում փայտե հանրակացարանների փոխարեն տներ են կառուցվում։ Դրանց աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։

  • Կիսվել: