երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից 11 հազարում կառավարման մարմիններ ձևավորված չեն. Արմեն Ղուլարյան

Հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից 11 հազարում կառավարման մարմիններ ձևավորված չեն. Արմեն Ղուլարյան

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումը, որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելու համար անհրաժեշտ իրավական օրենսդրական հիմքերի ստեղծումն է: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության կողմից առաջարկվող վերոնշյալ նախագծի ներկայացման ժամանակ ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

«Պետք է նշել, որ հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորվել միայն 42 տոկոսում, կամ, շուրջ 8000 շենքերի համար: Մնացած 58 տոկոսում կամ 11 հազար շենքերում կառավարման մարմիններ ձևավորված չեն և կառավարման մարմինը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն պետք է իրականացնեն համայնքները: Ընդ որում, հետխորհրդային տարիներին բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում իներցիոն, առանց ընթացակարգերի պահպանման կամ մտայնությունների վերանայման: Նրանց մասով սահմանված չէ որևէ գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջ»,- ներկայացրեց Արմեն Ղուլարյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով, միանշանակ է, որ բազմաբնակարան շենքի կառավարմանն առնչվող գիտելիքների, տեխնիկական, իրավական, վարչարարական, ֆինանսական և այլն, բացակայության պարագայում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում:

«Անարդյունավետ և ոչ պատշաճ իրականացումն էլ իր հերթին բերում է բազմաբնակարն շենքի մաշվածության գործընթացի արագացման, և հանգեցնում  վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը, վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևմանը, այլ նաև մարդկանց կյանքը, առողջությունն ու անվտանգությունը»,- նշեց նա:

  • Կիսվել: