չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հարկային համակարգի փոփոխությունները անհամեմատ ավելի նշանակալի միջոցառում են ներդրումային միջավայրի համար․ Ֆինանսների նախարար

Հարկային համակարգի փոփոխությունները անհամեմատ ավելի նշանակալի միջոցառում են ներդրումային միջավայրի համար․ Ֆինանսների նախարար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում հետաքրքրվեց, թե ինչո՞վ է բացատրում փաստը, որ կառավարությունը իր քաղաքականության գերակա ուղղություն համարող ներդրումների ներգրավման ոլորտի համար ընթացիկ տարում ծախսերը թերակատարել է 81 տոկոսով:

«Նախորդ տարի կառավարությունը վարչապետի մակարդակով հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Եվ իրենք պատկերացնում էին, որ պետք է մշակվի շատ լուրջ գործիքակազմ, հատկապես՝ ներդրումների ներգրավման ուղղությամբ», -հավելեց պատգամավորը։

Ի պատասխան նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ բացատրություն ունի այն, որ տնտեսական հեղափոխության մասին պատգամավորի պատկերացումը չի համախատասխանում բյուջեի կատարողականին բացատրություն ունի ու հավեեց․

«Դուք հիմա առանձին վերցրած մի ներդրումային միջավայրին վերաբերվող ընդամենը մի ծրագրի, մի միջոցառման կատարողական ներկայացրիք։ Մենք, իհարկե, առիթ կունենանք առաջիկայում մեր բոլոր միջոցառումների կատարողականին անդրադառնալ, բայց դա ոչ մի պարագայում չի կարող գնահատվել ներդրումային միջավայրի տեսակետից միակ և ամենանշանակալի միջոցառումը։ Ինչո՞ւ, որովհետև ներդրողի համար ոչ միայն էական է, թե պետական բյուջեում ինչ միջոցառում է իրականացվում և հատկապես այդ միջոցառման թվային ցուցանիշը, այսինքն՝ կատարված վճարումը ի՞նչ չափի է։ Այսինքն՝ ինչպիսի՞նն է ընդհանրապես ներդրումային միջավայրը»։

Նախարարի խոսքով, հարկային համակարգի փոփոխությունները անհամեմատ ավելի նշանակալի միջոցառում են ներդրումային միջավայրի տեսանկյունից և ներդրողի համար, քան նշված կոնկրետ միջոցառման կատարողականի ցուցանիշը։

«Երբ մարդը գիտի, որ նախորդ տարի իր աշխատածի արդյունքում գոյացած շահույթից վճարելու էր 20 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 18 տոկոս, դա անհամեմատելի ավելի նշանակալի գործոն է իր՝ որոշում կայացնելու համար ներդրում կատարելու տվյալ տնտեսության մեջ, թե ոչ։ Երբ որ մարդը գիտի, որ պաշտպանված է, կամ չունի ռիսկ, որ իր հետ կլինի անարդար մրցակցություն համանման տնտեսավարում իրականացնող այլ սուբյեկտների կողմից, դա անհամեմատ ավելի կարևոր գործոն է, քան Ձեր նշած միջոցառումը», -հավելեց նախարարը։

  • Կիսվել: