կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դուք և Նիկոլ Փաշինյանը նույն մշակույթը կրող գործիչներ եք. Անի Սամսոնյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

Դուք և Նիկոլ Փաշինյանը նույն մշակույթը կրող գործիչներ եք. Անի Սամսոնյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է․

«ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե Էդմոն Մարուքյանը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հետևաբար մշուշոտ կարիերա է ստեղծում իր ու իր խմբակցության համար։

Ստիպված եմ Արփինե Հովհաննիսյանին հիշեցնել, որ երբ Էդմոն Մարուքյանը 2015թ. սեղմել էր Սերժ Սարգսյանի ձեռքը Սահմանադրական փոփոխությունների ժամանակ` ներկայացնելով իր առաջարկները, այս պետականաքանդ սահմանադրության դեմ այդ նույն բովանդակությամբ ելույթներ էինք լսում Նիկոլ Փաշինյանից և մյուս ընդդիմադիր գործիչներից, առ այն, որ նա չպետք է սեղմեր Սերժ Սարգսյանի՝ մարտի 1-ի արյունով թաթախված ձեռքը։

Այսօր նույն բանը ասում է Արփինե Հովհաննիսյանը երկրի այսօրվա՝ փաստացի մեկ այլ ղեկավարի մասին։

Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչն է ձեր և Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունը։

Ստացվում է, որ դուք և Նիկոլ Փաշինյանը նույն մշակույթը կրող գործիչներ եք և միշտ խոսում եք կարիերաներից, մինչդեռ մենք խոսում ենք պետությունից և քաղաքացիական համերաշխությունից:

Բայց, ոչինչ։ Մենք կգերադասենք պետությունը մեր կարիերայից, իսկ դուք հոգացեք միայն ձեր կարիերայի մասին։ Ամեն ինչ մարդկային է»։

  • Կիսվել: