երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Իրկուտսկում հիվանդանոցները կարանտինի մեջ են ժանտախտի մասին հաղորդագրությունների պատճառով, սակայն իշխանությունները չեն հաստատում հիվանդությունը

Իրկուտսկում հիվանդանոցները կարանտինի մեջ են ժանտախտի մասին հաղորդագրությունների պատճառով, սակայն իշխանությունները չեն հաստատում հիվանդությունը

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մի քանի հիվանդանոց կարանտինի մեջ է երեք շաբաթով, հոկտեմբերի 4-ին հաղորդել է «Լյուդի Բայկալա» պարբերականը։ Լուրը հրապարակվել է, երբ հարևան Շոլոխով քաղաքում վերջերս մի կին է մահացել, ենթադրաբար` ժանտախտից։ Ըստ տեղեկությունների՝ մահացածն Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորանտ էր։ Իշխանությունները, սակայն, չեն հաստատում հիվանդությունը:

«Լյուդի Բայկալա» պարբերականի առողջապահության ոլորտի աղբյուրը հայտնել է, որ Իրկուտսկի բժիշկներն «արդեն բացահայտ խոսում են ժանտախտի մասին»` չնայած հիվանդանոցային փաստաթղթերում պաշտոնական ախտորոշումը նշված չէ, ժանտախտի մասին խոսք չկա, մահացածի հետ շփում ունեցած մարդիկ հիվանդության որևէ ախտանշան չեն ունեցել, և լաբորատոր թեստերը բացասական են եղել։

«Ռոսպոտրեբնադզորն» էլ հոկտեմբերի 4-ին հայտարարել է. «Հիվանդի մոտ մասնագիտական ​​գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել», և Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտը «չի բացահայտել որևէ արտակարգ գործընթաց»։

Ռուսաստանում ժանտախտի վերջին դեպքը գրանցվել է 2016 թվականին, երբ Ալթայի Հանրապետությունում հիվանդացել էր 10-ամյա երեխան։

  • Կիսվել: