երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արդյո՞ք ունեք այնպիսի ծրագիր, որով  նախատեսում եք պիտանելիության ժամկետը լրացած  բազմահարկ բազմաբնակարան շենքերին  փոխարինող նոր շենքերի կառուցում․ Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Ղուլարյանին

Արդյո՞ք ունեք այնպիսի ծրագիր, որով նախատեսում եք պիտանելիության ժամկետը լրացած բազմահարկ բազմաբնակարան շենքերին փոխարինող նոր շենքերի կառուցում․ Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Ղուլարյանին

Առաջին հարցս բազմաբնակարան  բազմահարկ շենքերի պիտանելիության ժամկետը լրանալու խնդիրն է, արդյո՞ք ունեք այնպիսի ծրագիր, որով  նախատեսում եք այդ բազմահարկ բազմաբնակարան շենքերին  փոխարինող նոր շենքեր, ովքե՞ր են դա ուսումնասիրելու, ի՞նչ վիճակում է, ի՞նչ կարգի նոր գործիքներ եք առաջարկում։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Քաղաքաշինության կոմիտեի  նախագահ Արմեն Ղուլարյանին։ 

Սուքիասյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե հին շենքերին փոխարինող նոր շենքերի կառուցման շրջանակում ի՞նչ հարաբերություններ կան բիզնես ոլորտի հետ․ «Արդյո՞ք հնարավոր չէ այսօր, երբ կառուցվում են շենքեր,  բիզնեսի հետ պայմանագիր կնքվի, որ կամաց-կամաց այն շենքերը, որոնք ապագայում բավականին խնդրահարույց են դառնալու, դրանց փոխարինող բնակարաններ տրվի նոր շենքերում»,- Սուքիասյանը հարցրեց, արդյո՞ք բիզնես-պետություն համագործակցության մասին Քաղաքաշինության կոմիտեն առաջակներ ունի, արդյոք կա՞ն հաշվարկներ խնդրահարույց շենքերի, դրանց  զբաղեցրած քառակուսի մետրերի, դրանցում բնակվող մարդկանց թվի վերաբերյալ։  

ՔՊ պատգամավորը ևս մեկ հարց բարձրաձայնեց․ «Շատ դեպքերում ինձ ասում են, որ երբ քաղաքացին դիմում է Քաղաքաշինության կոմիտեին շենք-շինություն կառուցելու կամ ինչ-որ բան փոփոխելու համար, պատասխան նամակներ ստանալուց դրանց բովանդակությունը  բավականին անհասկանալի է լինում և հիմնավորումներն են անհասկանալի լինում, նաև ուշացումներն են  անհասկանալի։ Որովհետև ցանկացած ուշացում այս կամ այն ընտանիքի համար նոր բեռ է, նրանք վարկային ծրագրերի մեջ են մտնում, ուզում են իրենց վիճակը բարելավեն՝ իրենց բնակարանի քառակուսի մետրերը»,- Սուքիասյանը հետաքրքրվեց՝ ինչ հարթակ է ստեղծվել այս խնդրները նոր ձևով կառավարելու համար, որ դիմողներն էլ գոհ մնան։

Արմեն Ղուլարյանը հարցերի համար շնորհակալություն հայտնելով նշեց, որ պատգամավորը կարևոր հարցերի անդրադարձավ․ «Մենք այսօր  բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի և ընդհանրապես  դրանց վթարայնության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ 800-ից ավելի  3-րդ կարգի վթարային  բազմաբնակարան շենքեր ունենք, դրանցից շուրջ 100-ը՝ 4-րդ կարգի։  Այսօր կառավարության մի քանի որոշումներով  և ԱԺ-ում ընդունված  մի քանի օրենսդրական նախաձեռնություններով  հաստատվեց, որ կոմիտեն կարող է բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման  ընթացքն ավելի համակարգված իրականացելու վերաբերյալ  կարգավորումներ ներկայացնել»,-Ղուլարյանի խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ կառավարությունը որոշում կայացրեց և Աջափնյակ թաղամասում  վթարային վիճակում գտնվող երկու  շենքերի  վերակառուցման և բարենորոգման ծրագիր առաջարկվեց, որը հենց բիզնեսի ներգրավմամբ էր։  

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին՝ Ղուլարյանը նշեց․«Ընդունում եմ դիտողությունները։  Քաղաքաշինության կոմիտեի մասով բավականին շտկումներ կատարել ենք, այսօր փորձում ենք  քաղաքաշինական ծրագրերի ընթացքը  շատ արագ ապահովել, որպեսզի  բնակչությունը և գործարարը մեզ  դիմելիս  շատ երկար չսպասեն։ Մայրաքաղաքում և մարզերում քաղաքաշինական ոլորտով զբաղվող մեր գործընկերները պետք է ավելի որակյալ փաստաթղթեր ներկայացնեն,  քանի որ փաստաթղթերը  շատ դեպքերում խնդիրներ  են առաջացնում, շտկումներ ենք անում, դա նույնպես ձգձգումների է բերում։ Թվայնացման ուղղությամբ էլ ենք աշխատում»։

  • Կիսվել: