կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ախալքալաքում կազմակերպվել է «Հայկական գաթայի» փառատոն (լուսանկարներ)

Ախալքալաքում կազմակերպվել է «Հայկական գաթայի» փառատոն (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 6-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Միջինքին (Մեծ պահքը կիսող օրը) կազմակերպվել է «Հայկական գաթայի» փառատոն, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, ինչպես ամեն տարի՝ ՀԱԵ-ի Պահքի կեսին, այսօր էլ սեղաններ էին գցվել հայկական զարդանախշերով սփռոցներով։ Աստիճանաբար դրանց վրա հայտնվում էին ախորժելի, զարդարված, կարմրաթուշ հայկական գաթաներ՝ պատրաստված տարբեր տնային տնտեսուհիների ձեռքերով։ Ախալքալաքում, հայկական ավանդական քաղցր գաթայից բացի, պատրաստում են աղի և պահքի գաթա, որպեսզի Մեծ Պահքը պահող ծխականները նույնպես կարողանան գաթա համտեսել։ Վաչիանի էթնոհամույթը պարով հանդես եկավ ծխականների համար։ Գաթայի փառատոնին մասնակցում էր ավելի քան 40 մասնակից՝ կազմակերպություններ և հասարակ բնակիչներ։ Նրանք բոլորն էլ խրախուսական նվերներ ու պատվոգրեր ստացան եկեղեցու կնքահոր՝ Արթուր Պետրոսյանի կողմից։

Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի: Ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա: Ըստ ավանդության՝ այդ օրը Ջավախքում նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս` հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

Այս տարի ՀԱԵ-ի Մեծ Պահքը սկսվել է փետրվարի 12-ին, որը կտևի 48 օր՝ Բուն Բարեկենդանի օրվանից մինչև Զատիկ։ Մեծ պահքի շրջանը տևում է 40 օր: Սակայն քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ պատճառով քառասնօրյա կոչվող պահքը իրականում 48 օր է տևում:

Մեծ պահոց շրջանի գրեթե բոլոր կիրակիներին, ըստ հայոց տոնացույցի, ավետարանական առակներ են ընթերցվում, որոնք քրիստոնյայի համար զարթուցիչ կոչանակի դեր պիտի կատարեն: Այս շրջանում է, որ ամեն մեկը պետք է սովորի մեղքից հեռանալ ու մաքրվել, զղջումով ու ապաշխարությամբ: Մեծ Պահքն ավարտվում է Սուրբ Զատիկով։ Այս տարի պահքը ավարտվում է մարտի 30-ի երեկոյան։ Մարտի 31-ին ՀԱԵ հավատացյալները տոնելու են Սուրբ Զատիկը։

  • Կիսվել: