Վրաստանում Նիդերլանդների և Ֆրանսիայի դեսպաններն այցելել են Ախալքալաք
Այսօր` մայիսի 27-ին, Ախալքալաք էին այցելել Նիդերլանդների դեսպան Մելինե Առաքելյանը և Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին: «Կովկասյան տուն» հասարակական կազմակերպության կազմակերպած հանդիպման շրջանակներում նրանք հանդիպեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի մի խումբ երիտասարդների հետ:
Նախագծի շրջանակներում ֆինանսավորված երկու նախագծերի կազմակերպիչները ներկայացրին իրենց նախաձեռնությունները, պատմեցին, թե ինչ է արվել այդ նախագծերի շրջանակներում:
Կազմակերպության տնօրեն Իրակլի Իրեմաձեն և ՀԿ-ի նախագահ Լևան Լորթքիփանիձեն ներկայացրին կազմակերպության անցած ճանապարհը և ընթացիկ նախագիծը, որը վերաբերում է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը, գրում է aliq.ge-ն:
Դեսպանները իրենց հերթին ողջունեցին երիտասարդների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին և ներկայացրին իրենց փորձը։
«Երբ այս տարիքում էի, ես էլ էի փորձում մասնակցել բոլոր այն նախագծերին, որոնց հնարավոր էր: Գիտեմ, թե ինչ է նշանակում լինել էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ, ես էլ ապրել եմ Հոլանդիայում, էմիգրանտ էի: Ուստի ձեզ էլ եմ խորհուրդ տալիս օգտվել ամեն հնարավորությունից հաջողության հասնելու համար», — ասաց Նիդերլանդների դեսպանը:
Հանդիպման առաջին հատվածից հետո դեսպանները պատասխանեցին երիտասարդների հարցերին: Օրջա գյուղից Լիդա Հարությունյանը հարց ուղղեց դեսպաններին Վրաստանի քաղաքական իրավիճակի մասին։
«Այսօր հանդիպում ունեցանք Նիդերլանդների և Ֆրանսիայի դեսպանների հետ։ Դա երիտասարդներիս համար հրաշալի հնարավորություն էր։ Դեսպանները շատ բաց և անմիջական էին շփվում, ունեցանք հետաքրքիր ու բովանդակալից քննարկում, ինչը կարևոր փորձառություն էր մեզ համար։ Այսպիսի նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն երիտասարդների համար՝ բացելով նոր հնարավորությունների դռներ և ապահովելով ոչ ֆորմալ կրթություն դպրոցից դուրս», — ասաց Լիդան «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում: