կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի ադրբեջանական անցակետ

ՌԴ խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի ադրբեջանական անցակետ

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ, որտեղ ապօրինի ադրբեջանական անցակետ է տեղադրվել։
 
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի նախատեսում ավտոերթի շարասյուններում մեքենաների ուղեկցում, ինչպես նաև տարբեր գործողությունների և հավաքների անվտանգությունն ապահովելը», - ասված է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին ուղղված  խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սազոնովի նամակում։
 
Օսիպյանը ֆեյսբուքյան իր մեկնաբանության մեջ գրել է, որ «խաղաղապահների կողմից խաղաղ հանրահավաք ուղեկցելուց հրաժարվելը նշանակում է, որ խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և, փաստորեն, Ադրբեջանի ղեկավարության հետ շրջափակում են Լեռնային Ղարաբաղը»։
 
«Միջազգային խաղաղապահների ներգրավման խնդիրն էլ ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում», - ասում է Օսիպյանը։
 
Նշենք, որ ուրբաթ օրը շարժման անդամները ժամանել էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր եւ պահանջել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու՝ ապահովելու իրենց անվտանգությունը ավտոբուսներով ավտոերթ իրականացնելու ժամանակ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ռուս խաղաղապսհները խոստացել էին գրավոր պատասխանել ցուցարարների հարցերին։
 


  • Կիսվել: