կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Մխիթար Ասրյան

Նվիրումը` անմահություն... Մխիթար Ասրյան

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացան բազում քաջորդիներ: Նրանցից է 36-ամյա Մխիթար Ասրյանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի կինը՝ Աննան, հպարտությամբ է պատմում ամուսնու անցած հերոսական ուղու մասին: Ասում է` եղբոր ու երեք քույրերի համար միշտ օրինակն էր Մխիթարը:
 
«Դեռ դպրոցական տարիներից յուրահատուկ հետաքրքրություն ուներ «Հայոց պատմություն» առարկայի նկատմամբ։ Յուրացնում էր բոլոր հերոսական դրվագները, և իր հերոսությամբ դարձավ այդ պատմության մի մասնիկը: 2000 թվականին Ստեփանակերտում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել ԱրՊՀ «Ճանապարհային երթևեկության կազմակերպում, կառավարում և ճարտարապետություն» ֆակուլտետը, ապա զորակոչվել և պարտադիր զինվորական ծառայություն անցել Թալիշում: 2003-ին զորացրվել է և ուսումն ավարտելուց հետո աշխատանքի անցել ԱՀ Ռազմական Ոստիկանությունում։
Բնութագրությունը հասանալի չէ
8 տարի շարունակ արժանապատիվ ծառայել է հայրենիքին և վաստակել շրջապատի սերն ու հարգանքը: 2018թվականին աշխատանքի է անցել HALO trust սակրավորական կազմակերպությունում՝ կյանքի համար վտանգավոր, հայրենանվեր, մարդասիրական բարդ աշխատանքը լավագույնս իրականացնելով:
 
Իսկ 2020թ. ծառայության է անցել ԱՀ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ որպես հետախույզ-սակրավոր։ Նա գերազանց տիրապետում էր մարտավարական կանոններին»,-հուզմունքով պատմում է Աննան և հավելում` կարծես ինչ-որ ներքին մտավախություն ուներ, որ կյանքը կարճ է լինելու։
 
Երբ սկսվեց պատերազմը, երկու զավակների հայրն առանց վարանելու ռազմաճակատ մեկնեց: 40 օր շարունակ պայքարեց բաց ճակատով, խիզախաբար ու անտրտունջ՝ իր հոգում համոզված լինելով, որ արդարությունը պարտվել չի կարող։ «Ամենաբարդ ու վտանգավոր վայրերում էր նրանց ջոկատը: Մարտական դիրք ազատագրելու համար մեկնում են Հադրութ:
 
Ճանապարհին հասկանում են, որ հայտնվել են շրջափակման մեջ: Թշնամին հարված է հասցնում մեքենային, ընկերներից մի քանիսը զոհվում են, որոշներն էլ՝ վիրավորվում: Նրա մարտական ընկերը՝ Վազգենը, կրակ է վարում, իսկ ինքը վիրավոր ընկերներին ապահով վայր է տեղափոխում: Պայքարելը անհնարին է դառնում, քանի որ թշնամին շրջապատել էր Հադրութը:\
Բնութագրությունը հասանալի չէ
Հրամանատարության հետ չէր ստացվում կապ հաստատել, որ օգնության հասնեն, և Մխիթարը այլ քայլի է դիմում: Տեսնելով հարակից գյուղի խուճապահար բնակիչներին՝ նրան հաջողվում է բեռնատար գտնել և բնակիչների ու վիրավորների հետ դուրս գալ գյուղից: Ճանապարհին անօդաչու նկատելով` միանգամից արգելակում է մեքենան և իր այդ քայլով փրկում տասնյակ մարդկանց կյանքեր:
 
Նոյեմբերի 6-ին հրաման են ստանում, որ պետք է բարձրանան Շուշիի մատույցներ և շրջափակումից դուրս բերեն զինվորներին։ Առաջին մեքենան հենց Մխիթարն էր վարում, նրա հետ էին Գագիկն ու Վազգենը: Գագիկը տեղում զոհվում է, Մխիթարը` մեջքի շրջանում վիրավորում ստանում։ Նրանց հետևից ընթացող մեքենաները հետ են դառնում՝ Մխիթարին ու Վազգենին թողնելով անօգնական: Այդ ծանր վիճակում զանգում է` վերջին հրաժեշտը տալու։
Բնութագրությունը հասանալի չէ
«Ծանր վիրավոր եմ, Ան, շատ եմ սիրում քեզ, կներես ինձ, ուժեղ կմնաս»: Շատերի հետ է խոսում հեռախոսով, բացատրում գտնվելու վայրը, ասում, որ թշնամին շատ մոտ է իրեն, նույնիսկ կողքով անցել են, բայց չեն նկատել: Նա մինչև վերջ հույսով սպասում էր: Բայց այդպես էլ չփրկվեց: Մեկ շաբաթ հետո միայն գտան աճյունը ու նոյեմբերի 14-ին վահանի վրա բերեցին հայրական տուն»,-պատմում է կինը։ Հերոս Մխիթար Ասրյանը հետահու պարգևատրվել է «Մարտական Խաչ 2-րդ» աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալներով:

  • Կիսվել: