ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում քաղաքական հակադիր ճամբարներ չկան, ինչ գրում են, սուտ է. Արայիկ Հարությունյան

Արցախում քաղաքական հակադիր ճամբարներ չկան, ինչ գրում են, սուտ է. Արայիկ Հարությունյան

2020-ին Արցախի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած “Ազատ Հայրենիք” կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ստահոդ է որակում այն տեղեկությունները, որ իր դեմ կոալիցիա է ձևավորվում նախագահական ընտրություններին ընդառաջ։

«Սուտ է, նման բան չկա։ Մտահոգվելու կամ մտավախությունների տեղիք չկա։ Դուք ախր գիտեք, որ ինչ գրում են, սուտ են գրում»,- Primenews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, ասաց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե գուցե հակառակ ճամբարում նման քննարկումներ կա՞ն և ինքն ուղղակի տեղյակ չէ, Հարությունյանը արձագանքեց. «Նման բան չկա, ի՞նչ ճամբարներ, Արցախում քաղաքական հակառակ ճամբարներ չկան։ Արցախում մի հատ ճամբար չկա։ Ոչ մի խնդիր չկա Արցախում, մենք ամեն օր իրար հետ հանդիպում ենք, ոչ մի խնդիր չունենք։ Մի մտահոգվեք»։

Նկատենք՝ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Արցախի գործող իշխանական էլիտան՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, ցանկանում է ստեղծել նոր կոալիցիա, որը 2020թ. խորհրդարանական ընտրություններին հանդես կգա նախագահի միասնական թեկնածուով եւ պատգամավորի թեկնածուների միասնական ցուցակով:

«Այս կոալիցիային կարող են մաս կազմել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, Արցախի պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարը Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է, եւ իշխանության աջակցությամբ ստեղծված էլի մի քանի կուսակցություններ:

Այս ուժերի նախագահի միասնական թեկնածուն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է: Նրա թեկնածությունը կպաշտպանեն նաեւ նախկին եւ ներկա ուժայիններ, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը:

Այս համախմբման նպատակը Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխելն է, ով ունի Արցախի ժողովրդի և Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Ավելին՝ այս ուժերը փորձելու են հասնել նրան, որ Հարությունյանը ընդհանրապես հրաժարվի նախագահի թեկնածու առաջադրվելուց, և հանդես գա իրենց թեկնածուի պաշտպանությամբ», գրել էր թերթը։

  • Կիսվել: