երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կապառոսը երկրպագուներից ներողություն խնդրեց

Կապառոսը երկրպագուներից ներողություն խնդրեց

Առաջին հերթին ես, որպես գլխավոր պատասխանատու, պետք է մեր երկրպագուներից ներողություն խնդրեմ։ Այս մասին քիչ առաջ Օսլոյում տեղի ունեցած ընկերական խաղում Նորվեգիայի հավաքականից կրած 0։9 հաշվով պարտությունից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Նա նշեց. ՛՛Արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Շատ հեշտ է այսօր վերլուծել այս խաղը։ Մրցակիցը գերազանցում էր Հայաստանի հավաքականին, իր դերը խաղաց նաեւ մեր խաղացողի հեռացումը, ինչը խիստ որոշում էր։ Այդ պահից մեր թիմն արդեն չէր մրցակցում՛՛։ 

Կապառոսի կարծիքով՝ Էրլինգ Հոլանդի հանդեպ մեր ֆուտբոլիստները կոպիտ չէին խաղում: ՛՛Պետք է ուշադիր լինել նման խաղացողների նկատմամբ։ Կարծում եմ՝ 11 մետրանոցի որոշումը չափազանց խիստ էր։ Չի կարելի ասել, որ մենք կոշտ թիմ ենք։ Չէինք մրցակցում, բոլոր մենապայքարներում մրցակիցը հաղթող դուրս եկավ։

Հոլանդի նման խաղացողի հետ պայքարում պետք է կարողանաս թիմային խաղ ցուցադրել ու դրա շնորհիվ չեզոքացնել նման ֆուտբոլիստին՛՛,-ասաց Կապառոսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականն իր պատմության ամենախոշոր պարտությունը կրեց. Նորվեգիան հաղթեց 9-0 հաշվով:

  • Կիսվել: