Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները. փաստաբան
Ավագանու ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկ դատարանը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Գայանե Պապոյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ վաղը՝ նոյեմբերի 26-ին, հրավիրում են մամուլի ասուլիս, որի ընթացքում մանրամասն կներկայացնեն Դավիթ Համբարձումյանի քրեական գործով առկա մտահոգությունները.
«Ստացել ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է սույն թվականի նոյեմբերի 27-ին։
Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին:
Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ՌԵԱԿՏԻՎ արագությամբ։
Մտահոգիչ է այն , որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։
Այս հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմին լուրջ հիմքեր է տալիս մտահոգվելու, որ նման բացառիկ արագությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի որոշման կայացման անհրաժեշտությամբ, որը կխոչընդոտի Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը։
Կոչ ենք անում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին՝ հավատարիմ մնալ դատավորի բարձր կոչմանը, զերծ մնալ քաղաքական որևէ ազդեցությունից և որոշում կայացնել բացառապես գործի փաստական հանգամանքների, օրենքի և ՍԵՓԱԿԱՆ ԽՂՃԻ թելադրանքով։
Մամուլի ասուլիսի ժամի և վայրի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է փաստաբանը։



