Պատրաստ եմ հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր, եթե Ուկրաինայի նախագահը համաձայնի մեկնել Ռուսաստան. Լուկաշենկո
Բելառուսի նախագահն առաջարկել է, իր ձևակերպմամբ, վերցնել Վոլոդիմիր Զելենսկուն և մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների: Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր, եթե Ուկրաինայի նախագահը համաձայնի մեկնել Ռուսաստան: Ավելի վաղ Կրեմլը, արձագանքելով ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու՝ Կիևի առաջարկներին, հորդորել էր Զելենսկուն այցելել Մոսկվա և հանդիպել Պուտինի հետ:
Զելենսկին պատասխանել է Լուկաշենկոյի առաջարկին՝ այն որակելով «անլուրջ խոսակցություն»։ Նախագահի համոզմամբ՝ նման առաջարկները կողմերին չեն մոտեցնում պատերազմի ավարտին։ «Նա առաջարկում է ինձ իր հետ վերցնել։ Ես ի՞նչ է՝ ճամպրո՞ւկ եմ»,- արձագանքել է Զելենսկին։ Փոխարենը Ուկրաինայի նախագահը Լուկաշենկոյին և Պուտինին է առաջարկել գալ Կիև, և երաշխավորել է նրանց անվտանգությունը:
Զելենսկին նաև մեկնաբանել է շրջանառվող լուրերը, որ Կիևը կարող է հրաժարվել Դոնբասից՝ խաղաղության գործարքի դիմաց: Նրա խոսքով՝ տարածքային զիջումների սցենար չեն դիտարկում: «Դոնբասից հեռանալը կնշանակի պարտվել պատերազմում: Անվտանգության ոչ մի երաշխիք չի կարող ապահովել, որ տարածքային զիջումների դեպքում մեզ հետագայում չեն ստիպի ավելին զիջել», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:


