ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներ ու լոգիստիկ կենտրոններ խոցելու մասին
Ռուսաստանի Զինված ուժերը ցերեկն Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող էներգետիկ օբյեկտներ, բեռնատար նավ և լոգիստիկ կենտրոններ են խոցել, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ռուսաստանի Դաշնության զինուժն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել էներգետիկ օբյեկտներին և լոգիստիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող ծովային նավերին»:
Նշվում է նաև, որ հարվածների հետևանքով խոցվել են 330 կՎ հզորությամբ էլեկտրաենթակայան Խարկովում, 150 կՎ՝ Դնեպրոպետրովսկի մարզի Վերխնեդնեպրովսկոյե բնակավայրում, 110 կՎ հզորությամբ էլեկտրաենթակայան Ժիտոմիրի մարզի Մալին բնակավայրում, որոնք էլեկտրաէներգիա են ապահովում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների համար, Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանը Դնեպրոպետրովսկի մարզի Զելենոդոլսկ քաղաքում, որն ապահովում է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը, «Ներուբայսկոյե» լոգիստիկ կենտրոնը Օդեսայի մարզի Ներուբայսկոյե բնակավայրում և «Բլում» կենտրոնը նույն մարզի Միրնոյե բնակավայրում, որոնք իրականացնում էին Ուկրաինայի ԶՈւ–ին մատակարարվող ռազմական նշանակության բեռների պահպանումն ու բաշխումը, «Նովայա պոչտա» լոգիստիկ տերմինալը Կիևի մարզի Բելայա Ցերկով բնակավայրում, որն օգտագործվում էր արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի ԶՈւ-ին մատակարարվող երկակի նշանակության բեռների պահպանման համար։
Հաղորդվում է նաև, որ Սև ծովի ջրատարածքում էլ՝ Օդեսայից արևելք, խոցվել է ծովային նավ, որը երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար։



