շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 3-րդ տեղը։

Գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Եզրափակչում նա պետք է մենամարտեր Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ, որը, սակայն, վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին:

Մանասյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության է հասել ալբանացի Գելիան Ռայկուի նկատմամբ: Կիսաեզրափակչում նա 5:0 հաշվով պարտության էր մատնել Հունաստանը ներկայացնող Վագկան Նանիջանյանին:

Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), որը եզրափակչում 0:5 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայեր Բատլաևին: Գարբոյանը պայքարը սկսել էր կիսաեզրափակիչ փուլից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալթայի ներկայացուցիչ Ինզաղի Խուերեբի նկատմամբ:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Արթուր Բազեյանը (57կգ):

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ), տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։

Մրցավայր էին մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը: Եվրոպայի գավաթի խաղարկության մրցավարական անձնակազմում ներգրավված է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։

  • Կիսվել: