ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել է դաստիարակներին, կենտրոնները հագեցրել կրթական նյութերով, խաղալիքներով, խաղերով: Տեղադրվել են նաև արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը:
Ծրագրի շրջանակում իրականացվել է դաստիարակների վերապատրաստում հատկապես տարբեր տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանության թեմայով: Հընթացս, դաստիարակները լրացուցիչ աջակցություն և մասնագիտական ուղղորդում կստանան համայնքի կենտրոնում գործող ավանդական մանկապարտեզ մասնագետների կողմից: Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորություն են ստանձնել հոգալ կենտրոնների պահպանման ծախսերը, ներառյալ՝ դաստիարակների աշխատավարձերը: «Որակյալ վաղ մանկական ուսումնառությունն ու խնամքը կյանքում հետագա հաջողությունների հիմնաքարն են՝ կրթության, բարեկեցության, զբաղվածություն ձեռք բերելու և սոցիալական ինտեգրման առումներով: Ավելին, տեղական համայնքներում վաղ մանկական ուսումնառություն և խնամքի հասանելիություն ապահովելով, մենք նաև ներգրավվելու և իրենց կարիքների վրա հիմնված քայլեր ձեռնարկելու նոր հնարավորություններ ենք ընձեռում կանանց», – նշել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։
Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի՝ մինչև 2030 թվականը Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից, ավելին, դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում: Գյուղական համայնքների համար նախատեսված նախադպրոցական կենտրոնների այս այլընտրանքային մոդելը մատչելի և արդյունավետ տարբերակ է Հայաստանի ողջ տարածքում կյանքի կոչվելու համար և արդեն նախադպրոցական կրթության պետական քաղաքականության անբաժանելի մասն է կազմում՝ արտացոլվելով 2021 թվականի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում:
Այսօրվանից սկսած՝ Սարատովկա և Քարկոփ բնակավայրերերում ապրող 0-6 տարեկան շուրջ իննսուն երեխա հնարավորություն ստացավ իր իսկ բնակավյրում հաճախելու նախադպրոցական կրթության կենտրոն: Ավելին Քարկոպ բնակավայրում կառավարության կողմից ֆինանսավորված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ առաջիկայում այլընտրանքային ծառայությունը աստիճանաբար կփոխարինվի նախադպրոցական կրթության պետական ծրագրով: Եվրամիության աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի ևս 18 փոքր գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ կհիմնի՝ 18 քայլով ավելի մոտենալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի երազանքներից մեկին, ԿԶՆ 4.2-ին և Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի նպատակներից մեկին. որակյալ նախադպրոցական կրթություն՝ յուրաքանչյուր երեխայի համար, ով էլ նա լինի, որտեղ էլ՝ ապրի: