շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 «Ծնողական ժողով». ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնում է դրական ծնողավարմանը և երեխաների առողջությանը նվիրված հեռուստատեսային ծրագիր

«Ծնողական ժողով». ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնում է դրական ծնողավարմանը և երեխաների առողջությանը նվիրված հեռուստատեսային ծրագիր

Ընտանիքներին աջակցելու և խնամքի ու դրական ծնողավարման գործելակերպերը խթանելու նպատակով համատեղ ջանքերի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Հանրային հեռուստաընկերության հետ՝ ստեղծելու հատուկ հեռուստահաղորդում:

Այս հետաքրքիր նախաձեռնությունը նպատակ ունի կարևոր տեղեկություններ տրամադրելու երեխաների առողջության և դաստիարակության մեթոդների վերաբերյալ՝ կենտրոնանալով ծնողների կարողությունները ուժեղացնելու վրա՝ առողջ և երջանիկ երեխաներ մեծացնելու դժվարությունները հաղթահարելու նրանց ճանապարհին:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը կարևորել է ծնողների կրթությունը երեխաների ապագայի ձևավորման գործում։ «Ծնողավարությունը մեծ պատասխանատվություն է, որն ավելին է, քան պարզապես երեխայի հիմնական կարիքները հոգալը: Այն երեխայի ամբողջ կյանքի հիմքն է: Ծնողների գիտելիքներն ու հմտությունները կարևոր նշանակություն ունեն իրենց երեխաների ամենանպաստավոր զարգացման, բարեկեցության և հաջողության ապահովման համար: Ծնողավարությունը ճանապարհորդություն է, և ծնողները ևս կարիք ունեն խորհուրդների և աջակցության այս ճանապարհորդության ընթացքում»,- ընդգծել է նա։

Իրենց լիարժեք ներուժն օգտագործելու համար երեխաներին անհրաժեշտ են խնամքի հինգ փոխկապակցված և անբաժանելի բաղադրիչներ՝ լավ առողջություն, համապատասխան սնուցում, ապահովություն և անվտանգություն, կարեկից խնամք և սովորելու հնարավորություններ: Ծնողներն ու խնամակալներն են իրենց երեխաների խնամքի լավագույն ապահովողները:

«Առողջապահության նախարարությունը կարևորում և ողջունում է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված հանրային իրազեկման աշխատանքները: Ծրագրի գործընկերները` ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը, մշտապես դրսևորել են առողջապահական հարցերի  շուրջ աջակցող մոտեցում: Ուստի, այս ծրագիրը ևս զուգորդվում է առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին և համագործացկությունը էական դեր  կարող է ունենալ հանրային կարծիքի և վարքագծի ձևավորման հարցում», - նշել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Առաջիկա հաղորդումը, որ նախատեսում ենք եթեր հեռարձակել Հանրայինի գարնան եթերաշրջանում, կներառի մի շարք էական թեմաներ՝ կապված երեխայի զարգացման և բարեկեցության հետ: Հեռուստադիտողները կարող են ակնկալել առողջապահության ոլորտի փորձագետների և առաջատար հոգեբանների մասնակցությամբ քննարկումներ այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են հղիությունը, նորածինների խնամքը, կրծքով կերակրումը, առողջ սնունդը, երեխայի աճն ու զարգացումը, հոգեկան առողջությունը, դեռահասների խնդիրները, թվային սարքերից կախվածությունը և այլն:

Հաղորդաշարի յուրաքանչյուր եթերի ընթացքում գործնական և մասնագիտական խորհուրդներ կտրամադրվեն ՝ ուղղված ծնողավարման հմտությունների զարգացմանը և ընտանեկան հարաբերությունների ամրապնդմանը: Ինքնախնամքի, դրական հաղորդակցության և հոգեկան բարեկեցության մշակույթ խթանելով՝ ծրագիրը ձգտում է զարգացնելու երեխաների խնամքին վերաբերող հարցերում ծնողների կարողությունները կյանքի յուրաքանչյուր փուլում՝ ներարգանդայինից մինչև դեռահասություն:

«Մեզ համար չափազանց կարևոր է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ այս հուշագրի կնքումը: Հանրային հեռուստաընկերությունը, հետևելով իր օրենսդրական պարտավորություններին, մշտապես ստեղծում է բազմաժանր հեռուստաբովանդակություն՝ տարիքային տարբեր խմբերի ու հետաքրքրությունների տեր մարդկանց համար: Այս առումով, երեխաների առողջությանը, ճիշտ խնամքին, երեխա-ծնող փոխհարաբերություններին վերաբերող առանձին հաղորդաշարը, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնի մեր հեռուստադիտողների շրջանում»:

Հօգուտ ծնողավարման ներդրումներ կատարելը նշանակում է ներդնել հօգուտ ապագայի: Զինելով ծնողներին անհրաժեշտ գիտելիքով և միջոցներով՝ աջակցելու իրենց երեխաների աճին և զարգացմանը, մենք կարող ենք ստեղծել ավելի տոկուն և բարգավաճող հասարակություն գալիք սերունդների համար:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների և թարմացումների համար հետևե՛ք Հանրային հեռուստաընկերության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական աղբյուրներին:

  • Կիսվել: