չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Վթարի մեջ հայտնվածները գիշերել են դեպքի վայրում․ ոստիկանությունն ու քննչականը իրար վրա են գցում

Վթարի մեջ հայտնվածները գիշերել են դեպքի վայրում․ ոստիկանությունն ու քննչականը իրար վրա են գցում

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ՝ 49-ամյա Աշոտ Մելոյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Մկրտչյանի կողմից մայթեզրին կայանված ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենային։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ժամը 17։15-ին Ա. Մելոյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը։  Թվում է, թե ճանապարհային ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում կձևակերպեին վթարն ու ավտոմեքենաները կտեղափոխեին վթարի վայրից, սակայն վարորդների համար սկսել է մի իսկական պատուհաս. ճանապարհային ոստիկանները հայտնել են, որ եթե կա մարմնական վնասվածք, պետք է զբաղվի քննչական բաժինը, իսկ քննչականն էլ հայտնել է, թե՝ «մենք այստեղ անելիք չունենք», ու վարորդները ողջ գիշեր ու մինչև այս պահը մնացել են վթարի վայրում։ 

Այս դեպքում պետք է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քարամյանը միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նման իրավիճակներ տեղի չունենա, ու քաղաքացիները ժամերով, այդ թվում՝ գիշերը, չանցկացնեն վթարի վայրում, հստակեցվեն նաև՝ վթարների ժամանակ ով է դեպքի վայրում զննություն կատարելու։ Ինչպես ասում էին դեպքի վայրում վթարված ավտոմեքենաների տերերը, «գային գցում է քննչականի ջեբը, քննչականն էլ՝ գայի»։  Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: