հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպեով. նոր նախագիծ

Վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպեով. նոր նախագիծ

Այսօր խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ինչպես հայտնեց հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ փոփոխությունների հիմնական նպատակը Երևանում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն է, համայնքային իշխանություններին ժամանակակից և արդյունավետ գործիքների տրամադրումը, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է էապես ընդլայնել համայնքի հնարավորությունները քաղաքային միջավարի կառավարման ոլորտում:

«Այս փոփոխությունները միտված են քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը և քաղաքաշինական կարգապահության ամրապնդմանը: Առանձնակի կարևորություն ունեն ինքնակամ շինարարության կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված կարգավորումները: Նախագծով հստակեցվում ու պարզեցվում են ինքնակամ կառույցների քանդման և նախկին վիճակի վերականգնման ընթացակարգերը, ինչպես նաև ստեղծվում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ ապօրինի շինարարության դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար»,-ասաց Ավետիսյանը: 

Նա նշեց, որ կարևոր նորամուծություններ են նաև ավագանուն լիազորությունների տրամադրումը այնպիսի կարգավորումներ մշակելու հարցում, ինչպիսին են կենդանիների պահման, աղմուկի և փոշու սահմանափակման, հեծանիվների, ինքնագլորների շահագործման, արգելափակոցների տեղադրման և այլ ոլորտներում:

«Սահմանվում է նաև կարևոր կարգավորում, որ վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակով»,-հավելեց ՏԿԵՆ տեղակալը:

Նշենք, որ փաթեթով փոփոխություններ են կատարվում շուրջ 24 օրենքներում, որոնք վերաբերում են ՏԻՄ գործունեության գրեթե բոլոր բնագավառներին:

  • Կիսվել: