Թմրանյութերի թելեգրամյան վաճառքի հայտարարություններ՝ Գյումրու շենքերի վրա
Գյումրու ճանաչված արվեստագետներից մեկը՝ դոցենտ Արաքս Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ զբոսաշրջային քաղաք դարձած Գյումրու որոշ շենքերի պատերին հայտնվել են քաղաքի տեսքը գցող գրառումներ: Նա նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել:
Aravot.am-ի հաղորդմամբ, զբոսավար Գոռ Թորոսյանը 4-5 օր առաջ է նկատել է, որ քաղաքի շենքերում տարօրինակ գրառումներ են հայտնվել։ Մեր զրուցակիցն իր հետաքրքրության համար ուսումնասիրություններ է կատարել համացանցում ու պարզել, որ դրանք թմրամիջոցների վաճառքով զբաղվող թելեգրամյան գաղտնի խանութների հասցեներ են։
Դրանք, ըստ Գոռ Թորոսյանի, մի քանի տարի առաջ տարածված են եղել ՌԴ-ում: Մեր զրուցակիցն ասաց՝ իրենք ահազանգել են քաղաքային իշխանությանը, մասնավորապես փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանին, սակայն առ այսօր ոչինչ ձեռնարկված չէ, ավելին` նմանատիպ գրառումներով շենքերի թիվն ավելանում է։
Գրառումները հայտնվել էին Գյումրու կենտրոնական Շիրազի փողոցի վրա գտնվող «Բարի լույս» կոչվող պատմական շենքի վրա, կայարանի անցումում, Ղանդիլյան փողոցում՝ երկհարկանի տան վրա/Ենգոյանների առանձնատուն/, Գորկու փողոցի վրա՝ « Ծիրան» հյուրանոցի դիմացի տան վրա։
Մենք դիմեցինք արևելագետ Արտակ Ավետիսյանին՝ խնդրելով ասել՝ թուրքերե՞ն են գրառումները և եթե թուրքերեն են՝ թարգմանել։ Արևելագետն ասաց, որ թուրքերեն չեն, լատինատառ գրություններ են, անգամ թուրքական հետք չկա, բայց, ըստ նրա, միանշանակ թելեգրամյան ալիքներով շրջանառվող թմրանյութերի հայտարարություններ են։
Արևելագետն ասաց, որ թուրքերեն չեն, լատինատառ գրություններ են, անգամ թուրքական հետք չկա, բայց, ըստ նրա, միանշանակ թելեգրամյան ալիքներով շրջանառվող թմրանյութերի հայտարարություններ են։
«Սրանք թելեգրամյան ալիքների լինքեր են, փողը գցում ես, քեզ գալիս, հասնում է թմրանյութը։ Սա բացահայտ ցինիզմ է, այդ շենքերի շուրջբոլորը կամ անցումի մեջ, որտեղ այս գրառումները կատարված են, հաստատ տեսախցիկներ կլինեն, ոստիկանությունը կարող է հանել ու տեսնել։ Նման գրառումները հաստատ կատարած կլինեն գիշերը, եթե տեսախցիկներն արագ հանեն, կբացահայտեն, թե ով է թմրանյութերի վաճառքով զբաղվողը։ Չեմ բացառում, որ սրանով ձեռնոց են նետել Շիրակի մարզային ոստիկանությանը կամ Շիրակի մարզպետին, ԱԱԾ պետին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին փոխանցել է, որ ոստիկանությունը տեղյակ է և համապատասխան ուսումնասիրություններ են կատարում, պարզելու, թե դրանք ինչ հասցեներ են։



