Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Արամ Հ․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 87-ամյա Երջանիկ Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Նիկոլյանը և Լյուրիս Հակոբյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։



