Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն․ վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները նախ կանխել են «Opel Corsa»-ի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Հարությունյանը և Վարդան Սուքիասյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր վարորդների ինքնությունը։



