Եվրոպայում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման ավելի քան 1000 դեպք
Եվրոպայում Արևմտյան Նեղոսի վիրուսի տարածման սեզոնի սկզբից գրանցվել է տարածաշրջանի ներսում ձեռք բերված վարակման ավելի քան 1000 դեպք, հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC):
Սեպտեմբերի 3-ի դրությամբ 15 երկրում արձանագրվել է 1086 դեպք: Դեռևս օգոստոսի սկզբին դրանց թիվը հազիվ էր անցնում 240-ը: Ընդհանուր առմամբ վիրուսը հայտնաբերվել է Եվրոպայի 144 շրջաններում:
Ամենաշատ հիվանդացածները Իտալիայում են՝ 516 մարդ: Երկրորդ տեղում Հունաստանն է՝ 284 դեպքով, երրորդում՝ Իսպանիան՝ 88 դեպք: Դեպքեր են գրանցվել նաև Ռումինիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ֆրանսիայում, Սերբիայում, Նիդեռլանդներում, Խորվաթիայում, Գերմանիայում և այլ երկրներում:
Արևմտյան Նեղոսի վիրուսը հիմնականում տարածվում է վայրի թռչունների միջև մոծակների խայթոցների միջոցով, սակայն վարակված մոծակները կարող են այն փոխանցել մարդուն: Գերմանական Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով, վարակվածների մոտ 20%-ի մոտ զարգանում է տենդային վիճակ՝ գրիպին նմանվող ախտանիշներով, իսկ հիվանդության ծանր ձևն առաջանում է մոտավորապես 100 հոգուց մեկի մոտ:
Դեպքերի մեծ մասում Արևմտյան Նեղոսի տենդն անցնում է առանց բարդությունների: Այնուամենայնիվ, հիվանդության ծանր ձևը տարած պացիենտների մոտ համեմատաբար հաճախ են հանդիպում երկարաժամկետ հետևանքներ: ECDC-ն նախազգուշացնում է, որ ներկայիս վիճակագրությունը չի տալիս վարակի տարածման ամբողջական պատկերը:



