Տարօրինակ են այն պնդումները, թե երեխաներին փորձադաշտ ենք տարել. ԿԳՄՍ նախարար
Եթե կրթության մեջ ընդհատումներ են լինում, հետո դժվար է բացը լրացնել։ Ընդհատման դեպքում շատ դժվար է լինում, շատ դժվար է գիտելիքը գիտելիքի վրա դնելու պրոցեսը։ Այս մասին այսօր ուղիղ եթերում՝ համապետական ծնողական ժողովի ժամանակ, ասաց \ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ իրենց ընդհանուր դիտարկումները ցույց տվեցին, որ ծնողները ցանկանում էին, որ դպրոցները բացվեն, ինչը նաև իրենց ցանկությունն էր։
՛՛Հարցման արդյունքում պարզվեց, որ ծնողների 80 տոկոսը պատրաստ է դպրոցների բացվելու դեպքում երեխաներին տանել դպրոց։ Հիմա ավելի մեծ կլինի այդ տոկոսը, որովհետեւ կորոնավիրուսի թվերի նվազում ունենք, բայց մենք չպետք է այնպես անենք, որ այդ կորը նորից վեր թռչի, եւ մենք ստիպված նորից փակենք դպրոցը, նորից անցնենք հեռավարի՛,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե կանոնները պահպանենք, չենք ունենա թվերի աճ:
՛՛Մենք սահմանել ենք այն կանոնները, որոնք մշակել են պարետատունը եւ առողջապահության նախարարությունը։ Որոնք են այդ կանոնները՝ ախտահանում, սոցիալական հեռավորություն, դիմակների կրում։ Հիմա մենք տեսնում ենք, որ դիմակների հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ․ մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ դիմակները շպրտեք, կարծես ինքն է պատասխան տալու մարդկանց հիվանդանալու եւ մահերի համար։ Այս կանոնների պահպանման դեպքում մենք 95 տոկոսով կանխարգելելու ենք վիրուսի տարածումը։
Ասում են՝ երեխաները չեն կարող երկար դիմակ կրել։ Մենք դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները դպրոցում կարճ են մնալու, տարրական դպրոցում՝ 3 ժամ, միջին դասարաններում՝ 3-4 ժամ, բարձր դասարաններում՝ 5 ժամ՛՛,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ առաջնորդվել են ԱՀԿ-ի ցուցումներով։
Հարությունյանն ասաց նաև, որ լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ՝ թուլանալու են նաեւ կանոնները, եւ ուղեցույցի ցուցումները կարող են փոխվել։ ՛՛Մեզ համար տարօրինակ է որոշ ծնողների քամահրական վերաբերմունքը այդ հարցին, դա նույնն է, որ հենց պատերազմի թեժ պահին զինատեսակների քննարկում անցկացվի։
Ձեր այդ վերաբերմունքով կարող եք ստեղծել մի իրավիճակ, որ այս թվերը նորից սկսեն աճել։ Պետության պարտավորությունն է՝ դա թույլ չտալ, եւ մենք թույլ չենք տալու։ Եվ մենք ձեռք-ձեռքի տված, չէ, ձեռք ձեռքի չի կարելի, ուս ուսի տված էլ չի կարելի, մենք միասին, մեկս մյուսին օգնելով կարող ենք առաջ գնալ։ Եթե պատերազմի ժամանակ մի գունդ թողնի գնա, դա խնդիր կառաջացնի մյուսների համար։ Տարօրինակ են այն պնդումները, թե երեխաներին փորձադաշտ ենք տարել՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ բոլոր երեխաներն էլ մերն են: ՛՛Մենք ուզում ենք ապահովել նրանց կրթությունն ու առողջությունը։ Մենք շահարկումներ թույլ չենք տա՛՛,-ասաց նա:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ թյուրըմբռնում կա տետրեր չօգտագործելու հետ կապված: Նա ասաց, որ տետրերն օգտագործվելու են, բայց գրավոր աշխատանքները, որոնք հանձնվելու են ուսուցչին, պիտի լինեն թերթիկների վրա։



