չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ

Գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ

Ադրբեջանում գերի պահվող շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի մոտ, նստացույց՝ իրենց որդիներին վերադարձնելու պահանջով։ Պահանջում են նաև հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։

Շիրակի մարզից Երևան եկած ծնողներն ու հարազատները նշում են՝ առավոտվանից կառավարության շենքի առջև նստած են, սակայն ինչպես 1 տարի, 8 ամիս են անտարբերության մատնված եղել, այնպես էլ այսօր։ 

«Եթե մեր երկրի ղեկավարը մեզ բան չունի ասելու, ումի՞ց գնանք, մեր երեխաներին ուզենք․ իրենց երեխաներն իրենց կողքին են»․ գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ

«Առավոտից կառավարության շենքի մոտ ենք, հանդիպում ենք պահանջում, բայց բոլորը մերժում են, ոչ մեկը չի ուզում մի բան պատասխանել մեզ։ Արդեն մեկ տարի է՝ վարչապետի հետ չենք հանդիպել, չի ուզեցել մեզ հետ հանդիպի։ Այսպես՝ օրական խաբելով օրերը անցնում են գնում են, ու մեր տղերքն էնտեղ են»,- ասում է գերեվարված տղաներից մեկի հայրը։

Նա ընդգծում է՝ գերատեսչություններում ու տարբեր կառույցներում պաշտոնյաները միայն խոստանում են, որ գերիները կվերադարձվեն, բայց ոչ մի արդյունք չկա։

«Պաշտոնյաները խոստանում են՝ բանակցություններ են գնում, կբերենք։ Բայց ե՞րբ՝ 6 տարի հետո՞։ Բոլոր սլաքները բերում են այստեղ։ Որի մոտ ուզում ես, գնա, ասում են՝ վարչապետն է ամենավերջին պատասխանատուն»,- նշում են գերիների ծնողներն ու հարազատները։

«Գնալով տղաների վիճակը փոխվում է դեպի վատը։ 40 օրը մեկ Կարմիր խաչի միջոցով կապ ենք հաստատում, իրենց տեսքից երևում է, որ իրենց վիճակը գնալով դեպի վատն է։ Իսկ պաշտոնատար անձինք մեզ ոչինչ չեն ասում։

Մենք այս պետությունից միայն արհամարհանք ու անտարբերություն ենք ստացել, ուրիշ ոչինչ։ Արդեն 1 տարի, 8 ամիս։ Եթե պետությունը այս հարցով զբաղվեր, մեր տղաները վաղուց տանը կլինեին արդեն»,- նշում է գերիներից մեկի մայրը։

«Այս կառավարությունն ամեն անգամ նույն ստերը, նույն հեքիաթն է պատմում։ Այսօր առավոտվանից նստած ենք, ոչ մեկը խիղճ չունի։ Գոնե մի մարդկային վերաբերմունք լինի, որ մոտենան, գոնե հարցնեն՝ ի՞նչ անենք ձեզ համար։ Ոչ մի բան չկա, ոչ մի ինֆորմացիա չունենք։ Ա՛յ այս կարգիի անտարբերության ենք մատնված։ Ում դիմում ենք՝ ոչ մի բան, թողնում, փախչում են։ Կանչում ենք հետևներից՝ կանգնեք, չեն կանգնում։ Հիշեցնում ենք՝ մինչև ընտրությունները ձեր այցերը, ձեր խոստումները, պտտվում նայում, թողնում գնում են։ Չգիտենք՝ ումից պահանջենք, ում խնդրենք»,- իր բողոքի ձայնն է բարձրացնում գերեվարված զինծառայողներից մեկի եղբայրը։

Ծնողներից մեկն էլ վրդովված ասում է՝ եթե մեր երկրի ղեկավարը չի ուզում մեզ հետ հանդիպել, տղաներին ումի՞ց պահանջենք։

«Եթե մեր երկրի ղեկավարը, մեր վարչապետը մեզ չի ուզում ընդունել կամ բան չունի ասելու, մենք ումի՞ց գնանք մեր երեխաներին ուզենք։ Թող չստիպեն, որ ուրիշ քայլերի դիմենք։ Մեկ օր չէ, երկու օր չէ․ տարի, 8 ամիս է խաբում են։ Մեր երեխեքը Բաքվի բանտում են, իսկ իրենց երեխեքն իրենց կողքին են»,- ասում է տղամարդը։

Նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է

  • Կիսվել: