Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes-ները, Hyundai-ն ու ՎԱԶ-21124-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ 2-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկն էլ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հակոբ Պարոնյանն ու Արգամ Կիրակոսյանը: Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Շ. Խաչատրյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:


