կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումի ժամանակ ստորագրվել է «Բեկում շինարարության ոլորտում» կամ Շեյլոթի հռչակագիրը

Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումի ժամանակ ստորագրվել է «Բեկում շինարարության ոլորտում» կամ Շեյլոթի հռչակագիրը

Ֆրանսիայի կառավարության հրավերով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-8-ը Փարիզում մասնակցել է Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումին։ Ֆորումի ընթացքում ստորագրվել է «Բեկում շինարարության ոլորտում» կամ Շեյլոթի հռչակագիրը (Buildings breakthrough)՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը նպաստել զրոյական արտանետումներով դիմակայուն շենքերի կառուցմանը և հիմնանորոգմանը՝ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար։
 
Նախարարական բարձրաստիճան հանդիպմանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Արամ Մեյմարյանը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով շրջակա միջավայրի ոլորտում Ֆրանսիայի Հանրապետության հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։
 
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է մասնավորապես հետևյալ առանցքային կետերին՝
 
շրջակա միջավայրի ազդեցության սահմանափակումը շենքերի և շինարարության ոլորտում՝ առավել դիմակայուն շենքերի արագ անցումը ապահովելու նպատակով.
 
էներգաարդյունավետության բարձրացումը որպես կարևոր կլիմայական գործողություն, ինչը կնպաստի շենքերի ֆոնդից ջերմոցային գազերի արտանետումները կրճատմանը, կլիմայական չեզոքության հասնելու և կլիմայի փոփոխության հանդեպ երկրի դիմակայության բարձրացման համատեքստում։
 
Արամ Մեյմարյանը նշել է, որ Հայաստանը COP 28-ում միացել է նաև Գլոբալ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բարձրացման հանձնառությանը՝ նպատակ ունենալով այս ոլորտում նպաստել գլոբալ կարողությունների եռապատկմանը և էներգաարդյունավետության կրկնապատկմանը, ինչը լիովին համահունչ է Հայաստանի առաջնահերթություններին։
 
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2017 թվականից մեկնարկել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» դրամաշնորհային ծրագիրը, իսկ 2022 թվականին մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը։
 
Հայաստանի Կառավարությունը հաստատել է Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050 թվական) ռազմավարությունը։
 
Այցի շրջանակում նախարարի տեղակալը երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Լիգիա Նորոնհայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գրասենյակ բացելու հնարավորությունը և Հայաստանում վաղ ազդարարման համակարգի բարելավման և զարգացման համար ՄԱԿ-ի ՇՄԾ հնարավոր աջակցության և համագործակցության հեռանկարները։

  • Կիսվել: