Հաքերները կnտրել են Ռոսստատի կայքը
Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության՝ Ռոսստատի տեղեկատվական ռեսուրսները ենթարկվել են կիբեռհարձակումների, որոնք շարունակվում են հոկտեմբերի 29-ից: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Կոմերսանտը:
Նշվում է, որ հաքերները կայքում բելառուսերեն հետևյալ հաղորդագրությունն են տեղադրել. «Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից»:
Կոտրված կայքում հայտնվել են «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow հաքերային խմբավորումների լոգոտիպները: Silent Crow-ն հաղորդել է Ռոսստատի «ներքին ՏՏ ենթակառուցվածքի խախտման և ոչնչացման մասին»: Ըստ խմբավորման՝ իրենց հաջողվել է ստանալ այդ թվում «տեղեկատվությունը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում ՌԴ ռազմական կորուստներին»:
«Ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքում մեր գտնվելու ընթացքում ներբեռնվել է շուրջ 23 տերաբայթ տեղեկատվություն: Հիմնական ծավալը կազմում են տվյալների բազաները, ներքին փաստաթղթերը, ծառայողական տեղեկատվությունը և տվյալները աշխատակիցների աշխատանքային համակարգիչներից», - ասված է հաքերների հայտարարությունում:
Ռոսստատից РБК-ին փոխանցել են, որ գրոհները մանրակրկիտ նախապատրաստված էին և իրականացվել են միանգամից մի քանի ուղղություններով՝ տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այդուհանդերձ, գերատեսչությունը պնդել է, թե տվյալների բազաների և օրենքով պահպանվող տեղեկատվության արտահոսք չի արձանագրվել:



