Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ
Իրանը և Ադրբեջանը վերջնականացրել են նավթի և գազի ոլորտում համագործակցության համաձայնագրի ընդհանուր դրույթները, հայտարարել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Նոյեմբերի 23-ին «Օմիդ մեդիա գավաթ» երրորդ միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում Բովարդն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն քննարկել են նավթի և գազի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը և ընդհանուր փոխըմբռնման են հասել։
Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման հետ կապված որոշ տեխնիկական հարցեր դեռևս մնում են չլուծված, և դրանք պետք է լուծի ադրբեջանական կողմը։
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ պաշտոնյան նշել է, որ բենզինի գնի փոփոխության հարցը Նավթի նախարարության օրակարգում չէ և ներկայում չի քննարկվում։



