երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Արթուր Սահակյանի ֆիլմը Սան Ֆրանցիսկոյում մրցանակ է ստացել

Արթուր Սահակյանի ֆիլմը Սան Ֆրանցիսկոյում մրցանակ է ստացել

Հայտնի են Սան Ֆրանցիսկոյում կայացած Golden Gate հայկական կինոփառատոնի հաղթողները։ Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Ռոբեր Գեդիգյանի «Կինն այսօր»-ը, լավագույն վավերագրական ֆիլմ՝ Կոմս Շահբազյանի «Այստեղ, այլուր»-ը, լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ Արթուր Սահակյանի «Միասին միայնակ» աշխատանքը։

Golden Gate Armenian Film Festival-ն անցկացվում է  արդեն երրորդ անգամ, և փառատոնին ներկայացվում են հայազգի ռեժիսորների ֆիլմեր ողջ աշխարհից։ Փառատոնի հատուկ հյուր՝ «Ոսկե ծիրանի» համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը Aravot.am-ին փոխանցեց, որ երբ հայտարարվում էր Արթուր Սահակյանի «Միասին միայնակ»-ի՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվելու մասին, ինքը դահլիճում ներկայացրել է, որ Արթուրը բուժվում է Իսրայելում և հաղթահարում է դարի հիվանդությունը։

«Մենք առաջարկեցինք բոլորին, որ ֆիքսեն դրամահավաքի հղումը, որը ցուցադրվում էր էկրանին, և օգնեն տաղանդավոր ռեժիսորին։ Կարելի է ասել, որ Golden Gate Armenian Film Festival-ը միացել է Արթուրին փրկելու ջանքերին»։

Սուսաննա Հարությունյանն ընդգծեց, որ ընդհանուր դաշտ է ստեղծվում հայկական կինոյի համար՝ տարբեր հեռավորությունների վրա, և լավ է, որ անգամ Սան Ֆրանցիսկոյում մարդիկ գիտեն Երևանում կինոաշխարհի մարդկանց խնդիրների մասին։

  • Կիսվել: