Կիևի առաջնահերթությունը ներկայիս շփման գծի երկայնքով հրադադարի հաստատումն է. Զելենսկի
Կիևը չի ճանաչում Ղրիմի և Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական մյուս տարածքների՝ Ռուսաստանին պատկանելը։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ Կիևի առաջնահերթությունը ներկայիս շփման գծի երկայնքով հրադադարի հաստատումն է, որից հետո կարող են քննարկվել մյուս հարցերը։
Ըստ Զելենսկիի՝ խաղաղ բանակցությունների օրակարգում կարող են ներառվել էներգետիկ հրադադարը, ծովում ռազմական գործողությունների դադարեցումը և գերիների փոխանակումը։
Հնարավոր գագաթնաժողովի գլխավոր նպատակը, նրա խոսքով, պետք է լինի ամբողջական և անվերապահ հրադադարի հասնելը, միջազգային վերահսկողության մեխանիզմի ստեղծումն ու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր նաև Թուրքիայի տարածքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։



