Եվրոպայի՝ ներկայիս մոտեցումներով մասնակցությունն ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին անօգուտ կլինի. Պեսկով
Եվրոպան պետք է մասնակցի ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն նրանց ներկայիս մոտեցումներով այդ մասնակցությունն անօգուտ կլինի։ Այս մասին «Վեստի» լրատվական հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում շարունակում են հայտարարել Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մասին։
«Բարդ վիճակ է։ Նրանք, մի կողմից, պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց իրենց մոտեցմամբ նրանք ի՞նչ գործ ունեն այնտեղ։ Դա անօգուտ է, դրա համար հիմա նրանք այնտեղ չեն»,-նշել է Պեսկովը:
Նշենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայի ներկայացուցիչներին ոչ ոք չի պատրաստվում հրավիրել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ վերսկսելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները:



