ԵՄ նավահանգիստներում արգելափակված է շուրջ 60 հազար տոննա պարարտանյութ. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ
Աֆրիկյան երկրներին նախատեսված պարարտանյութերը հնարավոր չէ արտահանել հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան:
Նրա խոսքով՝ ագրոքիմիական համալիրի արտադրանքը շարունակում է մնալ Լատվիայի, Էստոնիայի, Բելգիայի և Նիդեռլանդների նավահանգիստներում։
«Ռուսաստանը պատրաստ է պարարտանյութերն անվճար փոխանցել կարիքավոր երկրներին, սակայն դրանց առաքմանը շարունակում են խոչընդոտել»,-նշել է Եվստիգնեևան։
Նա նաև հավելել է, որ չնայած հակառուսական սահմանափակումների հետևանքով առաջացած դժվարություններին՝ հաջողվել է ավելի քան 200 հազար տոննա պարարտանյութ հասցնել Քենիա, Նիգերիա, Զիմբաբվե, Մալավի, Շրի Լանկա և Բանգլադեշ։



