Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները Արցախ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։
«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», - РБК-ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։
Անցյալ տարի Forbes-ը Վարդանյանի կարողությունը գնահատել էր 1 միլիարդ դոլար։
Նախօրեին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասել է Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։