ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկում` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Քննարկում` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված քննարկում շահագրգիռ գերատեսչությունների գործընկերների հետ։

Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարութունյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՇՄՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենը, նախարարությունների մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ և փորձագետներ։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը խնդրել է բովանդակային և անկաշկանդ քննարկման արդյունքում վեր հանել օրենքի նախագծում առկա բացթողումները՝ դրանք հետագայում վերանայելու նպատակով։

«Այս օրենքի նախագծի յուրաքանչյուր մասնիկի վրա աշխատելիս մենք պետք է նախևառաջ հիշենք, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ելնում է առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից, բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջներից և էկոլոգիական համակարգերի հավասարակշռության և բնության մեջ գոյություն ունեցող բույսերի և կենդանիների բոլոր տեսակների պահպանման անհրաժեշտությունից նկատի ունենալով ներկա և ապագա սերունդների շահերը»,-նշել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակը և հիմնական սկզբունքները։

Տեղեկացնենք նաև, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջիկայում կկազմակերպի նաև հանրային ևս մեկ լսում։

  • Կիսվել: