ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարզվել է Կոտայքի մարզում վրաերթից մահացածի և վիրավորների ինքնությունը. Hyundai-ի վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Պարզվել է Կոտայքի մարզում վրաերթից մահացածի և վիրավորների ինքնությունը. Hyundai-ի վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դանիելյանի որոշմամբ քրեական վարույթ նախաձեռնված գործի շրջանակում պարզվել է հուլիսի 16-ին Կոտայքի մարզում ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Hyundai Sonata-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Իշխան Հակոբյանը, Mercedes մակնիշի 35 DN 514 համարանիշի ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի բնակիչ՝ 24-ամյա Իշխան Կարապետյանը, իսկ Mercedes մակնիշի 05 CC 500 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Խանզադյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Hyundai-ը բախվել է Ի. Կարապետյանի Mercedes-ին, այնուհետև առաջ է ընթացել, բախվել Ա. Խանզադյանի Mercedes-ին, ապա վրաերթի ենթարկել Ա. Խանզադյանին, Շիրակի մարզի բնակիչներ՝ 69-ամյա Սլավիկ Գևորգյանին և 42-ամյա Արսեն Միսակյանին։ Վրաերթից հետո Ա. Խանզադյանը մահացել էր, իսկ Ս. Գևորգյանն ու Ա. Միսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վրաերթից հետո Hyundai-ի վարորդը ինքնակամ ներկայանում է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում, որ Ջրվեժից Աբովյան տանող ճանապարհին ինքը բախվել է Mercedes-ներին, ապա վրաերթի ենթարկել 3 հոգու։  Կ. Հակոբյանը ոստիկանության Կոտայքի բաժնից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 15:20-ի սահմաններում Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes E-220, Mercedes C-180 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:   Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:  

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, Hyundai Sonata-ն դեպի Ջրվեժ ընթանալիս նախ բախվել էր Mercedes C-180-ին, ապա դուրս եկել հանդիպակած գոտի, բախվել Mercedes E-220-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հոգու և հայտնվել շինության քարե պարսպի մոտ:  

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:   Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության էր հասել այդ պահին նշված վայրով անցնող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանը, ում ճիշտ և առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր էր եղել փրկել վիրավորի կյանքը:  

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:  

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իրավիճակն այնքան լարված էր, որ ոստիկանները չէին կարողացել հանդարտեցնել կրքերը, իսկ Hyundai Sonata-ի վարորդը դեպքի վայրից հեռացել էր:

  • Կիսվել: