ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Օրինապահ քաղաքացին ձևավորվում է մանկությունից․ Կոտայքի պարեկները երեխաներին ներկայացրել են ծառայության առանձնահատկությունները

Օրինապահ քաղաքացին ձևավորվում է մանկությունից․ Կոտայքի պարեկները երեխաներին ներկայացրել են ծառայության առանձնահատկությունները

Օրինապահ քաղաքացի դառնալու ճանապարհը սկսվում է փոքր քայլերից՝ փողոցը ճիշտ անցնելուց, անվտանգության կանոնները ճանաչելուց և հասկանալուց, որ օրենքը պաշտպանություն է։

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակաբար իրականացնում է իրազեկման միջոցառումներ՝ երեխաներին վաղ տարիքից ծանոթացնելով  ճանապարհային երթևեկության կանոնները և այն պարզ, բայց կարևոր քայլերը, որոնք օգնում են պահպանել անվտանգությունը։

«Ցանկացել ենք, որ մեր կենտրոնի երեխաները  ծանոթանան պարեկների հետ, հետևեն նրանց ծառայությանը և հասկանան, թե որքան կարևոր աշխատանք է կատարվում նրանց կողմից»,- պատմում է «Տաթև» կրթական և հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիմա Բոստանջյանը։

Փոքրիկները ոչ միայն լսել են պարեկների պատմությունները, այլև հնարավորություն ունեցել իրենց աչքերով տեսնելու հատուկ միջոցներն ու այն գործիքները, որոնց օգնությամբ ամեն օր ապահովվում է քաղաքացիների անվտանգությունը։

«Երեխաները բավականին իրազեկված էին, շատ հետաքրքիր հարցեր էին տալիս մեզ» ,- ասում է ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը։

Այս փոքրիկ հանդիպումների նպատակը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Դրանք օգնում են ձևավորել այն կարևոր կապը, որի հիմքում  վստահությունն է։

Այսօր այս երեխաները սովորում են ճանապարհային անվտանգության առաջին կանոնները, իսկ վաղը դառնալու են  այն քաղաքացիները, ովքեր գիտեն իրենց իրավունքները, հարգում են օրենքը և պատասխանատվություն են կրում իրենց ու մյուսների անվտանգության համար։

 

  • Կիսվել: