Պարզվել է Արմավիրում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 24-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ամբողջական տվյալները, գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է՝ Toyota Vitz-ը վարել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանը, իսկ Մեծամոր բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված Ջին Բեյ մակնիշի շտապօգնության ավտոմեքենան վարել է Հացիկ գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանը: Վթարի հետևանքով Toyota Vitz-ի վարորդ Ա. Թամազյանը, նրա ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչներ, 31-ամյա Շողեր Սիմոնյանը, 5-ամյա Արմեն Ս.-ն, Արմավիր քաղաքի բնակիչներ, 30-ամյա Մերի Բաղդասարյանը, 5-ամյա Եվա Թ.-ն և 1-ամյա Նարեկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանի վարած Ջին Բեյ մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էջմիածին» բժշկակական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Բախման հետևանքով էլ Toyota–ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջին Բեյ –ը հաշվառված է «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում:


