ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանները ձերբակալել են արտասահմանցուն կողոպտած երկու անձանց

Ոստիկանները ձերբակալել են արտասահմանցուն կողոպտած երկու անձանց

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձերբակալել են հուլիսի 24-ին Երևանում արտասահմանցուն կողոպտած երկու անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հուլիսի 24-ին ոստիկանություն դիմած արտասահմանցին հայտնեց, որ ժամը 2-ի սահմաններում իր երկու ընկերների հետ եղել է Կասկադի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ։ Նրանցից մեկը, որի ձեռքին դանակ է եղել, պահանջել է փող ու ոսկի։ Իրենք տվել են ոսկյա մատանի և արծաթյա շղթա։ Դրանից հետո անծանոթների սպառնալիքների տակ մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատներից մեկին, և արտասահմանցիներից մեկը կանխիկացրել է 18 հազար դրամ, տվել անծանոթներին, ինչից հետո նրանք հեռացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացիներին մոտեցել ու ավազակություն են արել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Շուտով ճշտվել է նաև նրանց ինքնությունը. Մարտունի քաղաքի՝ 23, և Ներքին Գետաշեն գյուղի 20-ամյա բնակիչներ։

Նշվում է, որ դեպքից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, նրանցից մեկը հայտնաբերվել է Երևանում, իսկ մյուսը՝ Մարտունիում։ Նրանք ձերբակալվել են, տեղափոխվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական ստորաբաժանում։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները կալանավորվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: