ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գեղեցկության սրահից գողացել էր մազահեռացման սարք՝ պատճառելով 5500 դոլարի գույքային վնաս

Գեղեցկության սրահից գողացել էր մազահեռացման սարք՝ պատճառելով 5500 դոլարի գույքային վնաս

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում մայիսի 7-ին հաղորդում էր ստացվել. անհայտ անձը Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի գեղեցկության սրահից գողացել էր մազահեռացման սարք՝ պատճառելով 5500 դոլարի գույքային վնաս։
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն անցան գործի։
Տարաբնույթ միջոցառումների արդյունքների համադրությամբ պարզվեց, որ գողությունը կատարել են 29-ամյա և 30-ամյա երկու երիտասարդ, իսկ օժանդակել է 32-ամյա մի երիտասարդ։ Ընդ որում՝ գողությունը կատարվել էր հաշվառման հասցե չունեցող 28-ամյա մի երիտասարդի վարած մեքենայով, որը նա վարձակալել էր։

Մայիսի 24-ին Վաղարշապատի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, մայրաքաղաքի Նորագավիթի փողոցում հայտնաբերեցին, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխեցին 28, 30 և 32 տարեկան կասկածյալներին։

Բաժնում պարզվել է, որ բացի այդ դեպքից, նրանք նաև գողացել էին Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի մերձակա ավտոտնակում կայանված «Նիսանը». մեքենայի բանալին հայտնաբերվել է նրանց անձնական խուզարկությամբ։ Գեղեցկության սրահից գողացված սարքն արդեն վաճառել էին 350 000 դրամով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողությունը կատարած 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
28-ամյա և 30-ամյա երիտասարդները կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: