Առաջարկվում է խստացնել ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման մասին» և ներկայացված կից օրենքներում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ իրականացված մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումներ էականորեն ազդում են երթևեկության հոսքի վրա և նպաստում են խցանումների առաջացմանը: Զեկուցողը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերն ու տուգանային բալերի համադրությունը համարժեք չեն: Ուստի, առաջարկվում է վերանայել այդ խախտումների համար նախատեսված պատասխանատվության տեսակները և չափերը: Մասնավորապես, առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» ճանապարհային նշանների պահանջը չկատարելու համար սահմանել 20 հազար դրամի չափով տուգանք և կիրառել 2 տուգանային միավոր: «Կանգառն արգելվում է» նշանի պահանջը չկատարելու համար նախատեսվում է 20 հազար դրամի չափով տուգանք և 1 տուգանային միավոր:
20 հազար դրամի և 1 տուգանային միավորի չափով տուգանք է սահմանվում նաև տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար:
Խստացումներ են նախատեսվում նաև կանգառի կանոնների խախտման դեպքում, երբ տրանսպորտային միջոցը տարհանվում է: Այս պարագայում կկիրառվի 29 հազար դրամի տուգանք և կհանվի 1 տուգանային միավոր:
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար ևս խստացումներ են սահմանվում՝ 20 հազար դրամի չափով տուգանք, ինչպես նաև 1 տուգանային միավոր:
Նախագծերի փաթեթով հնարավորություն է ստեղծվում տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնել նաև վարորդի ոչ սթափ վիճակում լինելու, ինչպես նաև թմրանյութի օգտագործման փաստի ստուգում: Այս դեպքերում վարորդը 2 տարով զրկվում է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից:
Արմեն Մկրտչյանը նշել է, որ հաջորդ կարգավորումը վերաբերում է անհատական շարժունակության միջոցների՝ ինքնագլորների կիրառմանը: Դրանց վարելու իրավունքը վերապահվում է 16 տարին լրացած անձանց: Նման միջոցներ վարելու առավելագույն արագությունը հետիոտնային արահետներով սահմանվում է 10 կմ/ժ: Առաջարկվում է նաև տեղաշարժման նման միջոցների համար արագությունը չափող սարքի փոխարեն նախատեսել արագությունը սահմանափակող սարք:
Զեկուցողն անդրադարձել է նաև օրենսդրական փաթեթում ներառված՝ «Ոստիկանության մասին» և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին:
ՆԳ փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովում աշխատանքային կարգով 2 անգամ քննարկվել է: Նա նշել է, որ 2024 թվականին իրականացված փոփոխություններից հետո, երբ նվազեցվել են խախտումների համար նախատեսված տուգանքները, համապատասխան խախտումներն աճել են մոտ 20 տոկոսով: Հետևաբար անձը, իմանալով, որ խախտման համար պատասխանատվությունը խստացվել է, կձգտի խախտում չանել: Պայմանավորվածություն կա խստացումներից հետո որոշ ժամանակ անց իրականացնել մշտադիտարկում՝ կատարվող փոփոխությունների արդյունքերը պարզելու նպատակով: «Երթևեկության մասով մինչև համարժեք համալիր մոտեցում չցուցաբերենք, մենք լիարժեք շտկումներ չենք կարող իրականացնել: Պետք է քաղաքացիների հետ երկխոսել»,- նշել է Վիլեն Գաբրիելյանը:
Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 16-ի նիստում:



