երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության մարզային վարչությունները լուծարվելու են. Օպերլիազորը կդառնա քրեական ոստիկան

Ոստիկանության մարզային վարչությունները լուծարվելու են. Օպերլիազորը կդառնա քրեական ոստիկան

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հվանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել ոստիկանությունում 4 հենասյունային ուղղություներից մեկի՝ քրեական ոստիկանության կադրերի մասնագիտկան պատրաստվածության էական բարելավման եւ ծառայության գրավչության մեծացման համար:

«Այս առումով նախատեսվում է ստեղծել քրեական ոստիկանության  գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ կառավարմամբ գործող տրածքային ստորաբաժանումներ, ինչպես այժմ գործում է պարեկային ծառայությունը, որոնց կվերապահվի միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման եւ հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են։

«Նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնին։ Այս ստորաբաժանումների առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակները օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի ու կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիներն ու ոստիկանության գործող ծառայողները»,- մանրամասնեց Ղազարյանը։

Այնուհետև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակման պայմաններն են լինելու Պարեկային ծառայության կոնկրետ  պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը, այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային ու շարունակական կրթության գաղափարը։

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ ճշտելու համապատասխան հաստիքները։

Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։  

  • Կիսվել: