կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

«Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են մեր ժողովրդի առողջության պահպանմանը: Տարին առողջապահության համակարգի համար եղել և շարունակում է մնալ ծանր:

Բժշկական հանրությունը պատվով կատարել է իր առաքելությունը, ինչի համար կրկին շնորհակալ ենք: Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը և հիշել բժշկի կոչումը ամեն պարագայում: Նման պարտադրանքներ լինելու դեպքում` խորհուրդ ենք տալիս դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: