Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Վիրավորներին անտառից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները: Օպերատիվ են գործել նաև Ալավերդու հիվանդանոցի բժիշկները:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասինհ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքասանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վասիլի Մամաջանյանն է, իսկ վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, ով՝ ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության նախկին սպա է, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը: Իսկ ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի բնակիչ, 47-ամյա Արման Ղազարյանի անվամբ:
20:30. քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ Գալյա Ղազարյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: