Ցույց Լոնդոնում՝ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ
Տասնյակ ակտիվիստներ և ուսանողներ հավաքվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով վերացնել երկրի կրթական հաստատություններում հիջաբ կրելու սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է Middle East Monitor-ը։
Նշվում է, որ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ աղջիկները չպետք է ընտրություն կատարեն իրենց կրոնական համոզմունքների և կրթություն ստանալու իրավունքի միջև։
Նշենք, որ ցույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին բրիտանական մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Հոլանդ Փարկ շրջանում։ Այն կազմակերպել էր Association of Students Activism for Palestine (ASAP) ուսանողական կազմակերպությունը գործընկերների հետ միասին։ Ակցիային մասնակցել են տարբեր դավանանքների և հայացքների մարդիկ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հիջաբ կրող մուսուլման կանանց։
Ինչպես հաղորդվում է՝ ելույթ ունեցողները կոչ են արել ադրբեջանական իշխանություններին հարգել դավանանքի ազատությունը և թույլ չտալ խտրականություն ուսանողների նկատմամբ՝ նրանց կրոնական հագուստի պատճառով։ Հավաքվածներին դիմած մասնակիցների թվում էին ASAP-ի նախագահ Նուսայբա Մոհամեդը, ուսանող Օսամա Ղանեմը և իսլամական քարոզիչ Ֆադել Սոլիմանը։



