շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Նոր մանրամասներ՝ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց վերջինիս պատկանող Maybach-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Նոր մանրամասներ՝ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց վերջինիս պատկանող Maybach-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 28-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Վերին Պտղնի 1-ին հասցեի՝ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «06»-ի վարորդի և վթարի մասնակից Maybach-ի վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Maybach-ը վարել է Առինջ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արման Ստեփանյանը, իսկ «06»-ը վարել է Պտղնի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արտակ Խաչատրյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ա. Թևոսյանի կարգադրությամբ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Բախվել էին Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: