հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄՊՀ-ն ընդլայնում է կրթական հաստատությունների հետ համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

ՄՊՀ-ն ընդլայնում է կրթական հաստատությունների հետ համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:

Հուշագրի կնքումը նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել հանձնաժողովի ու կրթական հաստատությունների միջև համագործակցությունը, բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը գիտական ներուժի օգտագործման և բարձրագույն որակավորմամբ մասնագետների պատրաստման շնորհիվ, ուսանողների համար գործնական հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություն ստեղծել` դյուրացնելով բուհ-աշխատաշուկա ճանապարհը:

Ողջունելով այս նախաձեռնությունը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն առանձնահատուկ կարևորություն է տալիս կրթական հաստատությունների հետ համագործակցությանը, և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Մասնավորապես հանձնաժողովի ներկայացուցիչները դասախոսություններով են հանդես գալիս տարբեր բուհերում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ առաջիկայում մագիստրոսական ծրագիր է նախատեսվում իրականացնել, ուսանողները մասնագիտական պրակտիկան են անցնում հանձնաժողովում, ինչպես նաև ներգրավվում որպես փորձնակ՝ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ և այլն:

  • Կիսվել: